Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ

10.03.2011

 ՀՀ փոխվարչապետի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ

 
  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հերթական աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այս անգամ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ  ՙՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի՚ (ՀՄՀ-Հայաստան) ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին: 
 
Փոխվարչապետը   մարզպետ Արմեն  Ղուլարյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, ՙՀՄՀ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց Նոյեմբերյանի եւ Աչաջրի պոմպակայանների, Դեբեդի պատվարի (որն ապահովում է Նոյեմբերյանի պոմպակայանի ջրառը) վերակառուցման շինհրապարակներ:
 
Ներկայացվեց, որ շինարարական աշխատանքների իրականացման համար պատվարի 2/3-ն արդեն ջրազրկվել է: Ակնկալվում է, որ մինչ գարնանային վարարումներն աշխատանքները կավարտվեն, իսկ պատվարի մյուս հատվածի վերակառուցումը կիրականացվի արդեն ամռանը, երբ ջրի մակարդակը կնվազի: Նոյեմբերյանի պոմպակայանը վերանորոգումից հետո հուսալի ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի Զորական, Հաղթանակ, Բերդավան, Կողբ համայնքների 8687 շահառուներին: Պատասխանատուները փոխվարչապետին վստահեցրին, որ այն պատրաստ կլինի մինչ ոռոգման նոր շրջանի սկիզբը: 
  Աչաջրի պոմպակայանում շինարարական աշխատանքներն ավարտվել են, վերազինումը եւս հիմնականում կատարված է: Որոշակի մալուխային աշխատանքներից հետո այն պատրաստ կլինի շահագործման:  
Այցի ավարտին  Տավուշի մարզպետարանում Արմեն  Գեւորգյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին նաեւ մարզի ՋՕԸ-երի, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ, քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր: Անդրադարձ եղավ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքին, որն իրականացվում է մարզի յոթ համայնքում: Տեղեկացվեց, որ նախագծերն արդեն պատրաստ են, եւ ջրանցքների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մարտի 15 -ին: Դրանք ծրագրվում է ավարտել օգոստոսին: 
 
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի խոչընդոտներ չլինեն անխափան ոռոգում ապահովելու առումով: Հարկ եղած դեպքում, ըստ Ա. Գեւորգյանի, գյուղացիական տնտեսություններին պետք է առաջարկվեն ոռոգման այլընտրանքային տարբերակներ: Պատասխանատուները հնարավոր համարեցին նաեւ աշխատանքների` ժամանակացույցից շուտ ավարտը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը: 
 
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 
Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57