Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ փոխվարչապետի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ
10.03.2011
![](http://tavush.mtad.am/files/n_pics/776_s.jpg)
ՀՀ փոխվարչապետի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հերթական աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այս անգամ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ ՙՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի՚ (ՀՄՀ-Հայաստան) ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին:
Փոխվարչապետը մարզպետ Արմեն Ղուլարյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, ՙՀՄՀ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց Նոյեմբերյանի եւ Աչաջրի պոմպակայանների, Դեբեդի պատվարի (որն ապահովում է Նոյեմբերյանի պոմպակայանի ջրառը) վերակառուցման շինհրապարակներ:
Ներկայացվեց, որ շինարարական աշխատանքների իրականացման համար պատվարի 2/3-ն արդեն ջրազրկվել է: Ակնկալվում է, որ մինչ գարնանային վարարումներն աշխատանքները կավարտվեն, իսկ պատվարի մյուս հատվածի վերակառուցումը կիրականացվի արդեն ամռանը, երբ ջրի մակարդակը կնվազի: Նոյեմբերյանի պոմպակայանը վերանորոգումից հետո հուսալի ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի Զորական, Հաղթանակ, Բերդավան, Կողբ համայնքների 8687 շահառուներին: Պատասխանատուները փոխվարչապետին վստահեցրին, որ այն պատրաստ կլինի մինչ ոռոգման նոր շրջանի սկիզբը:
Աչաջրի պոմպակայանում շինարարական աշխատանքներն ավարտվել են, վերազինումը եւս հիմնականում կատարված է: Որոշակի մալուխային աշխատանքներից հետո այն պատրաստ կլինի շահագործման:
Այցի ավարտին Տավուշի մարզպետարանում Արմեն Գեւորգյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին նաեւ մարզի ՋՕԸ-երի, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ, քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր: Անդրադարձ եղավ երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրի ընթացքին, որն իրականացվում է մարզի յոթ համայնքում: Տեղեկացվեց, որ նախագծերն արդեն պատրաստ են, եւ ջրանցքների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մարտի 15 -ին: Դրանք ծրագրվում է ավարտել օգոստոսին:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի խոչընդոտներ չլինեն անխափան ոռոգում ապահովելու առումով: Հարկ եղած դեպքում, ըստ Ա. Գեւորգյանի, գյուղացիական տնտեսություններին պետք է առաջարկվեն ոռոգման այլընտրանքային տարբերակներ: Պատասխանատուները հնարավոր համարեցին նաեւ աշխատանքների` ժամանակացույցից շուտ ավարտը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին