Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

29.12.2010

 ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ  ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ  ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 
  Տարեվերջի կարևորագույն իրադարձություններից էր Վերահսկիչ պալատի խորհրդի վերջին նիստը, որը տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանում: Հայտարարվեցին դեռևս տարեսկզբին մարզի տարբեր ոլորտներում անցկացված ստուգումների արդյունքները: Օրակարգում երկու հարց էր. Տավուշի մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, պետական սեփականության կառավարման և օգտագործման  վերահսկողության արդյունքները, ինչպես նաև համայնքներին պետբյուջեից հատկացված միջոցների   օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման  և համայնքային սեփականության կառավարման ու օգտագործման վերահսկողության արդյունքները: Իհարկե 62 համայնքներից դիտարկումներ էին կատարվել 14-ում` 4 քաղաքային և 10 գյուղական համայնքներում: Զեկուցումով հանդես եկան և ստուգումների արդյունքները մանրամասն  հայտարարեցին  Վերահսկիչ պալատի համապատասխան վարչությունների պետերը: Ըստ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի, Տավուշի մարզում հայտնաբերված խախտումները գրեթե նույնն էին, ինչ մյուս մարզերում: Իհարկե, խախտումների ծավալների տարբերությամբ: Եվ ինչպես նույնպես նշվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից, առաջին անգամն է  իրենց պրակտիկայում, որ մինչև Վերահսկիչ պալատի խորհրդի նիստն ու ամփոփիչ արդյունքները հայտարարելը հայտնաբերված խախտումների 60-70 տոկոսը արդեն վերացվել կամ շտկվել է: Այս մասին իր խոսքում հայտնեց նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը` նշելով, որ  հատկապես շինարարության ոլորտում հայտնաբերված ծավալային հավելագրումների դեպքերի հետևանքով պետական բյուջեին հասցված վնասների մեծ մասը վերականգնվել է` հիմնականում աշխատանքի, ինչպես նաև գումարը  պետական  բյուջե վերադարձնելու միջոցով:
Ինչպես հայտնեց Վերա-հսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, մարզպետարանում անցկացված ստուգումների արդյունքում խախտումները կրկին հայտնաբերվել են  քաղաքաշինության ոլորտում, առողջապահության, սոցիալական ծառայությունների, մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող հողերը վարձակալությամբ տրամադրելու ոլորտներում: Նույն խախտումներն են նաև համայնքներում:
 Սոցիալական ծառայության բնագավառում նույնպես   առկա են կեղծ, անհիմն տեղեկանքներով մատուցվող  սոցիալական  ծառայությունների մասին:  Որպես դրական երևույթ նա նշեց այն, որ առաջին անգամ ստուգումների արդյունքում խորհրդի նիստում հաշվետվության  հաստատման հետ միասին արձանագրվեց նաև, որ ստուգման արդյունքում և ստուգումից հետո թերություններն ու խախտումները շտկվել են. ՙՍա ուրախալի է: Դա առաջին հերթին վերաբերում է քաղաքաշինության ոլորտին, որովհետև մենք խոսում ենք որոշ շինարարների անբարեխիղճ աշխատանքի մասին, և դրական է, որ անորակ շինությունների շտկումն իրականացվել է, չկատարված աշխատանքները կատարված են, իսկ ծավալային հավելագրումները ամբողջությամբ վերականգնված՚,- ասաց Իշխան Զաքարյանը: 
Նա տեղեկացրեց, որ Տավուշի մարզպետը մինչ հաշվետվության հաստատումը ընթացքում ծանոթացել է միջանկյալ արձանագրությունների և ՀՀ Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումներին, բավականին լուրջ կարգապահական տույժերի է ենթարկել դրանց կատարողներին. ՙՆիստի ընթացքում խոսվեց նաև աշխատանքից հեռացումների մասին: Իհարկե, սա մեր բնագավառը չէ, և մենք երբևէ խնդիր չենք դնում որևէ մեկին պատժելու: Սակայն  ինքնին երևութը դրական է այն առումով, որ եթե մարդիկ թույլ են տվել խախտում, չարաշահում, այնպիսի երևույթներ, որոնք հարիր չեն համայնքի ղեկավարին, կամ այլ պաշտոն զբաղեցնող անձին, ապա նրանք պետք է պատժվեն: Սա դաս կլինի նաև մյուսների համար՚,- ասաց ՎՊ նախագահը: 
Տավուշի մարզում իրականացված ստուգումների արդյունքով որևէ գործով ՀՀ Վերահսկիչ պալատը դատախազություն չի դիմելու, քանի որ քրեաիրավական բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել: Հայտնաբերված թերություններն ամբողջությամբ շտկելու ժամկետը 2011 թվականի մարտի  31-ն է, իսկ սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների հետ կապված գումարային վերականգնումների համար Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի առաջարկով վերջնաժամկետը երկարաձգվեց  և նշանակվեց գալիք տարվա սեպտեմբեր ամիսը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03