Ընդհանուր տեղեկություններ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Բնակչությունը` 132000 մարդ
Քաղաքային բնակավայրեր` 5
Գյուղական բնակավայրեր` 57
Համայնքներ` 62
ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի (Շամշադինի) տարածաշրջանները: Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։
Մարզն ունի մոտ 350կմ միջպետական սահման, որից 300կմ-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի:
Մարզկենտրոնն է Իջևան քաղաքը:
Մարզի տարածքը կազմում է 2704ք.կմ., ընդհանուր հողատարածությունը` 270393հա, որից գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 105931.2հա կամ ընդհանուր տարածքի 39.2%-ը: Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, բնակչության խտությունը 1ք.կմ-ի վրա կազմում է 50 մարդ:
Մարզն ունի 5 քաղաքային (Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում) և 57 գյուղական համայնք: Համայնքներից 46-ը ՀՀ կառավարության 17.11.1998թ.-ի թիվ 713 որոշմամբ ճանաչվել են սահմանամերձ:
Մարզի բնակչությունը կազմում է 132,0հազ. մարդ, որից 52.6հազ. բնակվում են քաղաքներում: Տղամարդիկ կազմում են բնակչության 48.9%-ը, կանայք` 51.1%-ը: Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմում է 53.5հազ. մարդ, ոչ ակտիվ բնակչության թիվը` 35.0հազ. մարդ: Տնտեսապես ակտիվների մեջ 49.4հազ. զբաղվածներ են, 4.1հազ.` գործազուրկ:
ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Ծովի մակերևույթից ամենացածր կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2993մ: Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Բնական լիճը Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։
Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը և Իջևանի անտառային այգին` դենդրոպարկը։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի ծավալման համար։
ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանցի վանքը։ 1998թ.-ին մարզկենտրոն Իջևանում օծվեց ս.Ն.Շնորհալի եկեղեցին,իսկ 2012թ. Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Մարզի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր (Աղստև, Պաղ ջուր, Տավուշ,Դեբեդ և այլն): Գետերի միջին տարեկան հոսքը 3խմ/վրկ է, որը կազմում է 530 մլն խմ ջրային պաշար: 1970-1980թթ.-ին ոռոգման նպատակով կառուցվել են Ջողազի (45 մլն խմ), Հախումի (12 մլն խմ), Տավուշի (5 մլն խմ), Այգեձորի (4 մլն խմ), Իջևանի Սպիտակ ջուր (1 մլն խմ) և Խաշթառակի (0.12 մլն խմ) ջրամբարները: Ընդհանուր ծավալը կազմում է 67.12 մլն խմ: Ոռոգման ջրանցքերի երկարությունը 310կմ է, ներտնտեսային ցանցերինը` 1375կմ: Մարզում կառուցված են 50 ջրհան կայաններ:
Մարզի կենտրոնով անցնում է Հյուսիսային Կովկաս-Թբիլիսի-Երևան գազատարը։
Մարզով ձգվում են 152.6կմ միջպետական, 274.9կմ հանրապետական և 380.6կմ տեղական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: Մարզի հյուսիսային սահմանի երկայնքով` Դեբեդի ափով անցնում է Երևան-Թբիլիսի երկաթուղու 7կմ հատվածը։
Մարզի գյուղացիական տնտեսությունները զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ, բուսաբուծությամբ, մեղվաբուծությամբ և կերարտադրությամբ:
Մարզը համեմատաբար աղքատ է օգտակար հանածոներով։ Արդյունաբերական նշանակություն ունեն բենտոնիտային կավը, կրաքարերը, վիմագրական քարը, դոլոմիտը, ֆելզիտը։ Աղստև գետի հովիտը հարուստ է հանքային ջրերով: Դիլիջան քաղաքում գործում են երկու հանքային ջրերի գործարաններ` <<Դիլիջան>> և <<Էմ Այ Բի Քոնսալթինգ>> ՍՊԸ:
Մարզի արդյունաբերության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է։ Առավել գերակշռող են սննդարդյունաբերությունը քարամշակումն ու փայտամշակումը։ Մարզում արտադրվում է բենտոփոշի, երեսապատման սալիկներ, գինիներ, պահածոներ և այլն: Մարզում արտադրվող արդյունաբերական արտադրանքից արտաքին շուկա են արտահանվում գինիներ, հանքային ջուր, քարե և փայտե արտադրատեսակներ։
2011թ.-ի տվյալներով մարզում գործում են 862 մանրածախ առևտրի օբյեկտներ, այդ թվում` 808 խանութ և կրպակ, 1 գյուղատնտեսական արտադրանքի և 1սպառողական ապրանքների շուկաներ, 50 այլ օբյեկտներ:
Տավուշի մարզում գործում են 81 հանրակրթական դպրոց, 16 երաժշտական և արվեստի դպրոց, 46 նախադպրոցական հաստատություն, պետական 6 և ոչ պետական 1 միջին մասնագիտական հաստատություն, 2 պետական և 2 մասնավոր ԲՈՒՀ:
Առողջապահության համակարգը ներկայացնում են մարզային ենթակայության 4 <<Բժշկական կենտրոն>> ՓԲԸ-եր, 1 քաղաքային ԱԱՊԿ ՓԲԸ, 4 համայնքային ենթակայության գյուղական բժշկական ամբուլատորիաներ, 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ, 3 <<Առողջության կենտրոն>> ՓԲԸ-եր, 4 գյուղական ԱԱՊԿ-եր:
Մարզում հրապարակվում են մի շարք մարզային, համայնքային, մասնագիտական և ուսանողական թերթեր: Գործում են երեք տեղական հեռուստաալիք: