Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում մեկնարկեց 2023թ․ ձմեռային առաջին զորակոչը
10.01.2023
Այսօր Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում մեկնարկեց 2023թ․ ձմեռային առաջին զորակոչը։ Զորակոչին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, փոխմարզպետ Արթուր Հովակիմյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N 1 տարածքային ստորաբաժանման ղեկավար գնդապետ Կամո Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք, զորակոչիկների ծնողներ ու հարազատներ։
Զորակոչիկներին խաղաղ և անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Ողջույնի իր խոսքում մարզպետն անդրադարձավ նաև զինվորական ծառայության ու նորակոչիկների հետ կապված մի շարք ծրագրերի՝ ընդգծելով դրանց կարևորությունը բանակի հզորացման գործում:
Ներկայացրեց «Պաշտպան Հայրենյաց» ծրագիրը:
Ծրագրով ժամկետային պարտադիր զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարի ժամկետով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար ՀՀ դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։ Աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն պայմանագրային զինծառայողները կունենան, եթե ատեստավորում անցնեն։ Ժամկետային պարտադիր զինծառայողը 5 տարվա պայմանագրային զինվորական ծառայության, իր զեկուցագրի համաձայն, կարող է նշանակվել ինչպես իր բնակավայրին մոտ զորամասում, այնպես էլ իր ցանկությամբ նշանակվել այլ զորամաս կամ շարունակել ծառայությունը տվյալ /նախորոշված/ զորամասում:
Պայմանագրային զինվորական ծառայության 5 տարի ժամկետը լրանալիս ՀՀ Կառավարության որոշմամբ տրամադրվելու է նաև 5 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար, որը զինծառայողը կարող է տնօրինել ազատորեն:
Միջոցառման ավարտին Իջևանի համայնքապետարանի կողմից առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ հանձնվեցին զորակոչիկներին: