Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը հանդիպեց Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործների հետ

18.07.2013

Նոյեմբերյանի տարածաշրջանում աճող արևահամ դեղձի համբավը հայտնի է ոչ միայն Տավուշի մարզում, այլև նրա սահմաններից դուրս: Ու չնայած կարկտահարության պատճառած վնասներին, այս տարի ևս այգեգործները չեն բողոքում բերքի պակասից: Նրանց մտահոգությունը կապված է միայն բերքի որակի, նրա իրացման խնդիրների հետ: Հենց բերքի մթերման, արտահանման ու իրացման խնդիրներին էր նվիրված ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հանդիպումը տարածաշրջանի այգեգործների հետ:
Հուլիսի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ փոխնախարարն այցելեց Նոյեմբերյանի տարածաշրջան, Պտղավանում հանդիպում ունեցավ արտադրողների հետ և տեղում ծանոթացավ նրանց մտահոգող խնդիրներին: Հանդիպմանը ներկա էին նաև համայնքների ղեկավարները: Այգեգործները ըստ համայնքների փոխնախարարին ներկայացրին ունեցած բերքի քանակն ու որակը, դեղձի մթերման գործընթացի հետ կապված խնդիրները: Նախնական հաշվարկներով այս տարի դեղձի արտադրությունը կգերազանցի 5000 տոննան /նախորդ տարի արտադրվել է շուրջ 6,5 հազար տոննա դեղձ/, որից մոտ 2000 տոննան կմթերվի, իսկ 1000-1200 տոննան կարտահանվի: Ընդ որում նախորդ տարվա համեմատ արտահանումը եռակի ավելանում է: Մարզպետ Արմեն Ղուլարյանը փոխնախարարի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ այգիների ընդլայնման հետ առաջ է գալիս նաև արտադրություն դնելու անհրաժեշտությունը: Այս առումով Տավուշի մարզում նպատակահարմար է չրանոցների ստեղծումն ու օղու թորման արտադրության հիմնումը: Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ առաջիկա օրերին հանդիպում կկազմակերպվի վերամշակող և արտահանող կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ, որտեղ կքննարկվի մթերվող և արտահանվող դեղձի ծավալների հարցը, դեղձի գինն էլ կորոշվի այդ պատասխանատուների կողմից՝ նախապես այգեգործների հետ ունեցած հանդիպումների արդյունքում: Ինչ վերաբերում է կարկտահարությունից տուժած բերքի իրացմանը, փոխնախարարը խոստացավ, որ ինչպես ծիրանի մթերման դեպքում, այստեղ էլ կարկտահարված բերքը ամբողջությամբ կմթերվի վերամշակող կազմակերպությունների կողմից:
Փոխնախարար Ռոբերտ Մակարյանը շրջեց նաև դեղձի այգիներում, ծանոթացավ բերքատվության ու մշակության պայմաններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57