Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ

20.03.2013

Մարտի 19-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Ողջունելով հյուրին` մարզպետը համառոտ ներկայացրեց մարզը, մարզում իրականացվող ծրագրերն ու զարգացման հեռանկարները: Նշվեց, որ տարածաշրջանում իրականացվող ներդրումային ծրագրերում մեծ է Արգենտինայի դերը: Մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել մասնավորապես <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի միջոցով: Նշվեց հատկապես առողջապահության ոլորտում արդյունավետ համագործակցության օրինակը: Արգենտինահայ ճանաչված բժիշկ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ ստեղծված <<Ֆայդեք Արմենիա>> հիմնադրամի միջոցներով վերարտադրողական առողջության ծառայությունների տրամադրման և առողջ ապրելակերպին նվիրված ծրագրերի շրջանակում մարզի մի շարք համայնքներում կատարվել են հետազոտություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և կատարվել են երեք տասնյակ հիվանդ կանանց անվճար վիրահատություններ: Իսկ ծրագրի գործունեության շրջանակները գնալով ընդլայնվում են: Քանի որ Տավուշի մարզը գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է, մարզպետը հանգամանորեն ներկայացրեց այդ ոլորտի ձեռքբերումները, զարգացման միտումները և համագործակցության հնարավորությունները: Նշելով միջազգային կառույցների հետ գյուղատնտեսության ոլորտում ունեցած համագործակցության փորձն ու արդյունավետությունը` մարզի ղեկավարն առաջարկեց փոխհամագործակցությունը զարգացնել հատկապես այս ոլորտում: Համագործակցության առաջարկ արվեց նաև տուրիզմի, մասնավորապես ագրոտուրիզմի և էկոտուրիզմի ոլորտների համար:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարզպետին ջերմ ընդունելության համար` արգենտինա-հայկական հարաբերություններում կարևորելով հայկական համայնքի դերը: Նշեց այն ոլորտները, որոնք Արգենտինայում զարգացած են և որտեղ կարելի է համագործակցության եզրեր գտնել: Դրանք են կաթնամթերքի և մսամթերքի, բուսական յուղերի, եգիպտացորենի արտադրությունը, զարգացած է բիոտեխնոլոգիան: Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան նաև իր պատրաստակամությունը հայտնեց` հնարավորինս օժանդակելու հայ-արգենտինական կապերի էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57