Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Գեւորգյանը ծանոթացավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին

26.11.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում ծանոթացավ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին:

Փոխվարչապետը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նախ այցելեց ՀՀ կենտրոնական բանկի "Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն"-ի շինհրապարակ: Պատասխանատուների տեղեկացմամբ ` աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան, շենքը նախատեսվում է շահագործման հանձնել նախանշված ժամկետներում` 2013թ. տարեսկզբին: Փոխվարչապետին ներկայացվեց նաեւ կենտրոնի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների ընթացքը:

Ա. Գեւորգյանը եղավ նաեւ Դիլիջանի համայնքային քոլեջում եւ Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացված 23 մլն դրամով արդեն ավարտվել է քոլեջի տանիքի վերանորոգումը, իսկ չորրորդ ծրագրով 25 մլն դրամ է հատկացված թիվ 2 դպրոցի տանիքի նորոգման համար:

Փոխվարչապետը "Էրեբունի" բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելեց Դիլիջանում կառուցվող ախտորոշիչ բժշկական կենտրոնի շինհրապարակ: Մասնավոր ներդրումներով կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են երեք ամիս առաջ եւ նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Պատասխանատուների ներկայացմամբ` ժամանակակից պահանջներին համապատասխանող եւ արդիական սարքավորումներով հագեցած ցերեկային ստացիոնարով բուժհաստատությունը կունենա ռադիոլոգիական կենտրոն` համակարգչային տոմոգրաֆ, սրտի, աչքի հիվանդությունների ախտորոշման, լաբորատոր տարբեր հետազոտություններ իրականացնելու հնարավորություն: Այն լինելու է տարածաշրջանում նման ծառայություններ մատուցող միակ կենտրոնը:

Քաղաքում շրջայցից հետո փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Դիլիջանի քաղաքապետարանում` մարզային եւ տեղական իշխանությունների ղեկավարների, ծրագրերի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվեցին ծրագրերի ընթացքի, քաղաքում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն ընդգծելով ծրագրերի դերը քաղաքի եւ տարածաշրջանի զարգացման հարցում, կարեւորեց դրանք իրականացնելու գործում շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցված աշխատանքը:

Փոխվարչապետն այցելեց նաեւ Ծաղկաձոր, որտեղ ծանոթացավ "Մարիոթ" ապրանքանիշի չափորոշիչներին համապատասխան վերակառուցված հյուրանոցային համալիրի հնարավորություններին եւ պայմաններին: "ՀայՌուսգազարդ" ընկերությանը պատկանող "Ադիգազ" հանգստյան տունը կառավարման է հանձնվել "Մարիոթ ինթերնեյշնլ" ընկերության միջազգային հյուրանոցային ցանցին եւ վերակառուցվել: Փոխվարչապետը բարձր գնահատեց կատարված աշխատանքները`թե որակի, թե ծավալի առումով: Նա ընդգծեց ենթակառուցվածքների բարելավման կարեւորությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից եւ ողջունելի համարեց մարզերում միջազգային ապրանքանիշերի ցանցի ներդրումը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27